2016-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայի պատմության մեջ առաջին ձախողված ռազմական հեղաշրջումն էր, մեկ տարի շարունակվում են վեճերը՝ Էրդողա՞նն էր հեղաշրջման սցենարիստը, թե՞ իսկապես թուրք զինվորականները ուզում էին ու չկարողացան պետական հեղաշրջում անել ամառային գիշերը: Մեկ տարում Թուրքիան գերազանցեց ձերբակալությունների բոլոր ռեկորդները: Սահմանադրության հանրաքվեից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկիրը նախապատրաստում է իր անսահմանափակ իշխանությանը: Deutsche Welle-ին տված հարցազրույցում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է. «Չնայած պետության բոլոր հնարավորություններին, հանրաքվեի արդյունքներով Էրդողանը չկարողացավ 50 % հավաքել: Միայն Ընտրական հանձնաժողովում իր բանդայի շնորհիվ նա հասավ կեսին: Էրդողանը տեսնում է, որ 2019-ին հեռանալու է, այդ պատճառով էլ ճնշում է հասարակութանը՝ 2019-ի վախից: Բայց ինչ էլ նա անի, միևնույն է, 2019-ին Էրդողանը հեռանալու է»:
Բանտարկության մեջ գտնվող Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը: Էրդողանը Դեմիրթաշի մասին ասել էր. «Նա ահաբեկիչ է: Այնպիսի ահաբեկիչ, որ փողոց է դուրս բերել իմ բոլոր քուրդ եղբայրներին, իսկ հետո քրդերի ձեռքով սպանել է 53 քուրդ եղբայրների»: «Առաջին հերթին ուզում եմ վերադարձնել միլիոն վիրավորանքները, որ ուղղվել են իմ հասցեին: Բայց մյուս կողմից ուզում եմ շնորհակալություն ասել: Դու ևս մեկ անգամ հաստատեցիր, որ մեր նկատմամբ դատավարությունն իրականացվում է առանց ակնարկ իսկ ունենալու արդարադատությանը, այլ միայն ու միայն քո անձնական որոշումով: Ես բաց ասում եմ՝ 8 ամիս դատախազներն ու որոշ դատավորներ, որ ենթարկվում են քեզ, չկարողացան գտնել ոչ մի ապացույց, որ, հոկտեմբերի 6-8-ին Քոբանիում ես ժողովրդին փողոց դուրս գալու կոչ եմ արել: Եթե դու ունես նման ապացույց, ես ուզում եմ, որ ներկայացնես քո հուսահատ որոնման մեջ տառապող դատավորներին»՝ հայտարարեց ի պատասխան Սելահեդդին Դեմիրթաշը: «Դու ես երկրում կատարվողի գլխավոր քաղաքական պատասխանատուն, որովհետև արդեն 15 տարի կառավարում ես: Դու փորձում ես այնպես անել, որ մենք դա մոռանանք, ու մենք դա տեսնում ենք: Չնայած ես չորս պատի մեջ եմ փակված, քո խուճապահար հարձակումներն ինձ վրա շատ հեռու են քաջությունից: Ես ուզում եմ, որ դու իմանաս՝ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ալլահից: Ես այնքան չեմ իջնի, որ քեզնից կամ քո կամակատարներից գթություն սպասեմ: Նույնիսկ իմանալով, որ գուցե մնացած կյանքս անցկացնեմ բանտում, ես երբեք չեմ հանձնվի ու չեմ ընդունի այդ անպատվությունը»՝ հավելել է Դեմիրթաշը:
Այսօր Թուրքիան ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների բանտ է, այլև աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար: Այս անգամ վհուկների որսը TRT-ում էր, ձերբակալվել են մասնավոր կազմակերպությունների 51 լրագրողներ: Անկարայի դատախազությունը TRT -ի 34 նախկին աշխատակիցների ձերբակալության որոշում է կայացրել, նրանք ավելի վաղ ազատվել էին աշխատանքից: Ստամբուլի կենտրոնում ձերբակալվել են ևս 17 լրագրողներ: Մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում Ստամբուլում հավաքված իրավապաշտպանները նույնպես ձերբակալվել են: Հետաքննությունը խիստ գաղտնի է՝ նույնիսկ փաստաբանների ու հարազատների համար սահմանափակումներով:
2017-ի առաջին կիսամյակում Թուրքիայում սնանկացել են 51 775 մանր առևտրականներ: Առևտրականների ու արհեստավորների համադաշնության տվյալներով՝ անցած տարվա առաջին կիսամյակում 136 հազար նոր գործարք է կնքվել, իսկ այս տարի՝ ընդամենը 127 հազար: Անցյալ տարի 221 769 գործարար գրանցել է իր բիզնեսի փոփոխությունը, 2017-ին այդ ցուցանիշը հասել է 200 %-ի. Cumhuriyet-ը գրում է, որ թուրքական տնտեսության խնդիրները առաջին հերթին ազդում են մանր ձեռներեցների ու նրանց պարտքերի վրա: Երբ նրանց հատկացված անտոկոս վարկերը չեն օգնում, առևտրականները ստիպված են նոր վարկեր վերցնել: Կարգավորման ու վերահսկողության բանկային գործակալությունը նշել է, որ վերջին տարում վարկերը ավելացել են 10 %-ով և կազմում են 477 միլիարդ թուրքական լիրա: Այդ ընթացքում չվճարված վարկերը, որ հանգեցրել են ունեցվածքի առգրավման, մեծացել են 40 %-ով: Խնդրահարույց վարկերի ծավալը ամբողջ պատմության մեջ առաջին անգամ հասել է առավելագույն ցուցանիշին՝ 23,8 միլիարդ լիրայի:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները՝ հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով: Ստամբուլի կենտրոնում 108 մարդուց 52-ը ձերբակալվել են: Գործողությունը սկսվել է 108 մարդու վրա մատնագրով, այդ թվում` TÜBİTAK-ի գիտնականների թուրքական կենտրոնի, HAVELSAN ավիացիոն արդյունաբերության ընկերության, THY Թուրքական ավիաուղների անդամների: Էմինե Չետիկն ու Այկուտ Կուտլուն ձերբակալվեցին իրենց կյանքի ամենաերջանիկ օրը՝ հենց հարսանյաց սրահում: Նրանց տարան ոստիկանական տեղամաս, իսկ հյուրերը սպասում էին սալոնում: Երբ նրանք առանց որևէ արգելքի, պաշտոնապես գրանցեցին ամուսնությունը, տեղնուտեղը հայտարարվեցին «սոցիալապես վտանգավոր»: Նուրիյե Յալչինը հղիության չորրորդ ամսում է ու երկվորյակների է սպասում: Նրան ձերբակալեցին, երբ գնացել էր բժշկի մոտ՝ ռիսկային հղիության պատճառով: Մեկ այլ կին համանման իրավիճակում կորցրեց երկվորյակներին: Անկարայի քաղաքապետարանը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում արգելված են հանրահավաքները, մամլո ասուլիսներն ու հավաքները:
Թուրքիայի պետական գլխավոր հեռուստառադիոալիքի՝ TRT-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Բիլալ Էրդողանի դպրոցական ընկեր Իբրահիմ Էրենը:
72 մարդ, նրանց թվում` Բոսֆորի համալսարանի համաշխարհային ճանաչում ունեցող դասախոսներ, ձերբակալվել են: Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գլխավոր վարչության հետաքննության շրջանակներում պարզվել է, որ նրանք օգտվել են ByLock ծրագրից և նպաստել են նրանց գործողություններին, ովքեր ծրագրել էին հեղաշրջում անել: 2016-ի հուլիսի 16-ի իրադարձություններից հետո Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում արտասահմանից մուտք ու ելքի ժամանակ 132 մարդ ձերբակալվել է, 4806-ի անձնագրերն են վերցվել: Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել այն համալսարանների դիպլոմների գործը, որոնք փակվել են 2016-ի հուլիսի 16-ից հետո: Քննարկվող դիպլոմների թիվը հասնում է 12 հազարի:
Ահա այսպիսի Թուրքիա՝ հայտնի իրադարձությունից մեկ տարի անց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ամբողջ երկիրը բաժանել է երկու մասի՝ մարդիկ, որ արդեն մեղադրվել են Ֆեթուլլահ Գյուլենի հրահանգով հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ, և մարդիկ, որ դեռ չեն մեղադրվել: Արևմուտքի հետ հարաբերություններից մնացել է միայն ՆԱՏՕ-ին անդամակցության կամուրջը: Ոչ ոք չի կարող ասել՝ դեպի ո՞ւր է գնում Թուրքիան և ինչքա՞ն է դեռ գնալու այդ ճանապարհով: Սահմանադրության ընդունման հանրաքվեն Էրդողանին հաջողվեց՝ Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից դառնում է նախագահական երկիր: Ճիշտ է՝ ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները բողոքարկել է Եվրոպական դատարանում, բայց դա ոչինչ չի փոխում: Ամբողջ խնդիրը անցումային շրջանն է՝ հանրաքվեով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են մտնում նախագահական ընտրություններից հետո, և գուցե Քեմալ Քըլըչդարօղլուն ճիշտ է՝ 2019-ին Էրդողանը հեռանալու է՝ նրան պարզապես չեն ընտրի, եթե մինչ այդ չձերբակալվեն բոլոր ընտրողները: